slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հյուրընկալել էր Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի պատվիրակությանը

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ Բյուրոյի կազմակերպած գիտական միջոցառումներին մասնակցելու, դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մշակութաբանական, դատագենետիկական և կենսաբանական բնագավառներում փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խորացման նպատակով: Այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Բյուրոյի ղեկավար կազմի հետ, կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև մշակութաբանական, դատագենետիկական և կենսաբանական բնագավառների առաջատար փորձագետների ներգրավմամբ առանձին սենկցիաներ, որոնց շրջանակներում ամփոփվել են մինչ օրս կատարված համատեղ աշխատանքները, քննարկվել ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման արդյունավետ ուղիներն ու զարգացման հեռանկարները։

Տեղի ունեցած գիտագործնական կլոր սեղան–քննարկման ընթացքում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերներին մեր երկրի և ժողովրդի համար այս դժվարին օրերին Հայաստան այցելելու, երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու պատրաստակամության համար։

Բյուրոյի ղեկավարն ընգծել է, որ չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, որոնց հետ իրավական գործընթացներին օժանդակության համատեքստում առնչվում է նաև դատափորձագիտական ոլորտը, Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի շարունակական դինամիկ զարգացումն ապահովելու ուղղությամբ։

«2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով դատափորձագիտական ոլորտը ևս բախվել է նոր մարտահրավերների։ Մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների դեպքերով հարուցված քրեական վարույթների շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյում վերջին տարիներին իրականացվել են մեծածավալ փորձաքննություններ՝ այդ թվում ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի, սահմանամերձ բնակավայրերին հասցված գույքային վնասների պարզման, արգելված զենք և ռազմամթերքի կիրառման, ինչպես նաև գերիների և անհետ կորած անձանց նույնականացման և այլ կարևոր ուղղություններով։ Մեր փորձագետներն իրականացրել են բազմաթիվ բարդ և ծավալուն փորձագիտական աշխատանքներ՝ պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման, միջազգային նորմերի խախտումների փաստերի արձանագրմանն օժանդակելու հարցում։ Իսկ առկա մարտահրավերներին դիմակայելու համար չափազանց կարևոր է փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ուղղված շարունակական ջանքերի ներդրումը»,-իր խոսքում նշել է կազմակերպության ղեկավարն՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները մեծապես նպաստում են նշված նպատակի իրագործմանը։

Արգամ Հովսեփյանը վերահաստատել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունավետ իրականացման ապահովման գործում Բյուրոյի պատրաստակամությունը։

Գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Արգամ Հովսեփյանին բարձր մակարդակով ընդունելության, տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում նման ձևաչափով գիտագործնական միջոցառումների կազմակերպման համար՝ շեշտելով միմյանց աջակցելու, համատեղ ջանքերով առկա դժվարությունները հաղթահարելու առաջնահերթության մասին։

Վադիմ Պոզնյակի խոսքով՝ դատափորձագիտական բնագավառի զարգացումն անհնար է առանց միջազգային համագործակցության և փորձի փոխանակման։ «Փորձի փոխանակման և համագործակցության զարգացման առումով ավելի արդյունավետ է այստեղ գտնվելը՝ տեղում ծանոթանալն իրականացվող փորձաքննություններին, կազմակերպության փորձագիտական հնարավորություններին։ Այսօր վստահ կարելի է փաստել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ունի փորձագիտական մեծ ներուժ և իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում դատափորձագիտական ոլորտի կայուն զարգացմանը։ Մեր կառույցների միջև առկա համագործակցությունը՝ այդ թվում համատեղ գիտական հոդվածների հրապարակման առումով, տվել է իր արդյունքը՝ նպատելով երկու երկրների դատափորձագիտական կառույցների հնարավորությունների զարգացմանը»,-նշել է Վադիմ Պոզնյակը՝ կարևորելով դատափորձագիտական արդի ուղղությունների հետագա զարգացումը։

Այցի շրջանակներում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների՝ ակտիվ շփումներ են ունեցել և մասնագիտական պրակտիկա անցել Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում։ Բյուրոյի համապատասխան փորձագետները ներկայացրել են իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։

Բելառուս գործընկերներն էլ կիսվել են իրենց կողմից կիրառվող մեթոդաբանությամբ և փորձով՝ ներկայացնելով Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի փորձն ու ձեռքբերումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող փոխադարձ այցերն ու դիտարկել համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները՝ ի նպաստ փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը, գիտականորեն հիմնավորված հավաստի արդյունքների ստացմանը, երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

02 October 2023